Մասնակցություն «Գիտելիքների ատոմային սառցահատ 2024»-ին

13.08.2024

Մասնակցություն «Գիտելիքների ատոմային սառցահատ 2024»-ին

Այս տարի «Ռոսատոմ» պետկորպորացիայի կազմակերպած «Գիտելիքների ատոմային սառցահատ-2024» 5-րդ գիտալուսավորչական արշավը տեղի կունենա օգոստոսի 13-ից 23-ն ընկած ժամանակահատվածում:

2024 թվականի էքսպեդիցիայի առանձնահատկությունն այն է, որ Հյուսիսային բևեռ իրականացվող երթաշրջանին կմասնակցեն դպրոցականներ տարբեր երկրներից: Հաշվի առնելով Հայկական ատոմակայանի զգալի դերը գիտատեխնիկական կրթությունը երիտասարդների շրջանում հանրածանոթ դարձնելու գործում՝ միջոցառմանը մասնակցելու հնարավորություն են ստացել նաև ՀԱԷԿ-ի աշխատակիցների երեխաները: Հաղթողն ընտրվել է «Գիտելիքների ատոմային սառցահատ-2024»-ի հատուկ ժյուրիի գաղտնի քվեարկությամբ:

Արշավին կմասնակցի «Ռոսատոմի դպրոց» նախագծի փառատոնի 2-րդ աստիճանի դիպլոմանտ, «Մեծ դասամիջոց» համառուսական մրցույթի միջազգային տրեկի մրցանակակիր և 2-րդ կարգի դափնեկիր և մի շարք այլ միջոցառումների ակտիվ մասնակից Արթուր Շարյանը: Հարկ է նշել, որ Ա. Շարյանի պապը և հայրը աշխատում են Հայկական ատոմակայանում, ունեն տարիների վաստակ և մեծ ներդրում ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործման մեջ:

Հայկական ատոմային էլեկտրակայանի ղեկավարությունը բարի ճանապարհ մաղթեց Արթուրին՝ ընդգծելով ճամփորդության ընթացքում պլանավորված ուսուցողական միջոցառումների մասշտաբայնությունը, Արկտիկայի թեմայի կարևորությունն ու հետաքրքրությունը, ինչպես նաև բևեռային բնապատկերների դիտման եզակի հնարավորությունը, որն ուղերթի ժամանակ ընձեռվելու է մասնակիցներին: