ՀԱԷԿ-ՈՒՄ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ  ԼԻԱՄԱՍՇՏԱԲ ՎԱՐԺԱՍԱՐՔԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

08.07.2024

ՀԱԷԿ-ՈՒՄ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ ԼԻԱՄԱՍՇՏԱԲ ՎԱՐԺԱՍԱՐՔԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) ընթացքի մեջ են լիամասշտաբ վարժասարքի արդիականացման և ֆունկցիոնալության ընդլայնման աշխատանքները: Նախագիծն իրականացվում է ամերիկյան «WSC, lnc.», «Հայատոմ ԳՀԻ» և «Գալակտիկա» ընկերությունների  մասնակցությամբ:

Լիամասշտաբ վարժասարքը, որը մշակվել և ներդրվել է 2013 թվականին Եվրամիության օժանդակությամբ և Սլովակիայի «VUJE, a.s.» ընկերության միջոցով, ծրագրատեխնիկական մոդելավորող համալիր է: Այն նախատեսված է ատոմակայանի բլոկի կառավարման վահանակի (ԲԿՎ) օպերատիվ անձնակազմի մասնագիտական ուսուցման  և գործնական հմտությունների մշտական կատարելագործման համար:

2019 թվականից ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի աջակցության ծրագրերի շրջանակներում «WSC, lnc.»  և «Հայատոմ ԳՀԻ» ընկերությունները նոր սերնդի տեխնոլոգիաների կիրառմամբ վարժասարքի համար մշակել և ներդրել են նոր մոդելներ՝ հաշվի առնելով էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրով իրականացված արդիականացումներն ու փոփոխությունները:

Ըստ այդմ՝ նոր ծրագրային հիմքով, նոր սերնդի համակարգիչներով և սերվերով ապահովված վարժասարքն արդիականացման արդյունքում  համապատասխանում է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի համակարգերին ու սարքավորումներին և ապահովում է շահագործման բոլոր ռեժիմների մոդելավորումը՝ ժամանակի իրական մասշտաբով: 

2024 թվականի օգոստոս ամսին  նախատեսված է իրականացնել վարժասարքի ամբողջ կոնֆիգուրացիայով կոմպլեքս փորձարկումներ՝ շահագործման հանձնելու նպատակով: