15.05.2019
Պատմություն
Հայկական ԱԷԿ-ը բաղկացած է երկու էներգաբլոկներից` ՋՋԷՌ-440 տիպի (В-270 մոդելի) ռեակտորներով: ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը արդյունաբերական շահագործման հանձնվեց 1976թ-ին, իսկ երկրորդը` 1980թ-ին: Էներգաբլոկների դրվածքային հզորությունը կազմում է 407,5ՄՎտ, շահագործման նախագծային ժամկետը` 30 տարի:
ԽՍՀՄ մինիստրների խորհրդի որոշմամբ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո 1989թ. փետրվարին և մարտին կանգնեցվեցին №1 և №2 էներգաբլոկները:
ԽՍՀՄ փլուզմանը հաջորդող քաղաքական կատակլիզմները 1990-1993թթ. հանգեցրեցին Հայաստանի շրջափակմանը և որպես դրա հետևանք` հանրապետության ծանր էներգետիկ ճգնաժամի:
Ստեղծված իրավիճակով էր պայմանավորված միակ ընդունելի որոշումը` վերսկսել Հայկական ԱԷԿ-ի աշխատանքը:
1993թ. Հայաստանի կառավարությունն ընդունեց ՀԱԷԿ-ի №2 էներգաբլոկի շահագործումը վերսկսելու վերաբերյալ որոշում:
Նորոգման ու վերականգնման աշխատանքները և անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներն իրականացնելուց հետո 1995թ. նոյեմբերին №2 էներգաբլոկը միացվեց էներգահամակարգին:
№1 էներգաբլոկը գտնվում է երկարատև կանգի ռեժիմում: Էներգաբլոկի վերագործարկում չի նախատեսվում:.
Հայկական ԱԷԿ-ի №2 բլոկի վերագործարկման շնորհիվ Հայաստանը ծանր էներգետիկ ճգնաժամից հետո անցավ շուրջօրյա էլեկտրամատակարարման: Բացի այդ, բլոկի շահագործումը վերսկսելուց հետո հանրապետութունը ձեռք բերեց բավականին բարձր էներգետիկ անկախություն վառելիքի ներկրվող տեսակներից:
Հայկական ԱԷԿ-ի մասնաբաժինը հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության մեջ կազմում է մոտ 40%:
Ատոմային էներգետիկան հանդիսանում է Հայաստանում էներգիայի հիմնական աղբյուրներից մեկը և որոշիչ դեր է խաղում ազգային էներգամատակարարման գործում:
1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում` Սպիտակ քաղաքի շրջանում (որը գտնվում է ՀԱԷԿ-ից 83 կմ հեռավորության վրա) տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ: Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկները երկրաշարժի ժամանակ շարունակում էին աշխատել անվանական հզորությամբ. ռեակտորների` սեյսմիկ պաշտպանության ազդանշանով ավտոմատ կանգը նախատեսված է 6 բալից ավելի երկրաշարժի դեպքում: Երկրաշարժից հետո հանձնաժողովը զննեց Հայկական ԱԷԿ-ը և ԱԷԿ-ի շինարարական կառուցատարրերում, սարքավորումներում և համակարգերում երկրաշարժի սեյսմիկ ազդեցության հետ կապված խախտումներ չհայտնաբերեց: Հանձնաժողովը եզրակացրեց, որ Հայկական ԱԷԿ-ը դիմակայել է (MSK-64 սանդղակով) 5,5 բալ ուժգնությամբ երկրաշարժին:
Զննման ժամանակ հանձնաժողովի կողմից շենքերի, կառույցների, համակարգերի և սարքավորումների` երկրաշարժի ընթացքում վարքի և երկրաշարժից հետո նրանց վիճակի վերլուծությունը, հանձնաժողովի կողմից մշակված, սեյսմակայունության, հուսալիության և անվտանգության բարձրացմանն ուղղված առաջարկները ՀԱԷԿ-ի հետագա շահագործման հնարավորության վերաբերյալ կասկածի տեղիք չէին տալիս:
1993-1995 թթ. ՀԱԷԿ-ի աշխատանքի վերսկսմանը նախապատրաստվելու ժամանակահատվածում իրականացվեցին կայանի հրապարակի սեյսմիկ պայմանների լրացուցիչ ուսումնասիրման համալիր աշխատանքներ` բոլոր հարցերը վերջնականապես լուծելու և ԱԷԿ-ի վերագործարկման և հետագա շահագործման հնարավորությունը հիմնավորելու համար:
Աշխատանքի ամբողջ ընթացքը և եզրափակիչ հաշվետվությունը դիտարկվել և քննարկվել են ԱԷՄԳ-ի փորձագետների հետ:.
Կատարված հետազոտությունների հիմնական արդյունքներից մեկն այն փաստի ապացույցն էր, որ ՀԱԷԿ-ը կառուցվել էր ամբողջական (չքանդված) բազալտե բլոկի վրա, այսինքն` ապացուցվեց ՀԱԷԿ-ի հրապարակի տակ տեկտոնիկ ակտիվ խզվածքի բացակայությունը:
Քաղաքական իրադարձությունները, Հայկական ԱԷԿ-ի կանգը և №2 էներգաբլոկի շահագործման վերսկսումը ավելի քան 6,5 տարվա կանգից հետո
80-ական թթ. վերջը նախկին ԽՍՀՄ պատմության մեջ մնում է որպես բուռն քաղաքական իրադարձությունների ժամանակահատված:
ԽՍՀՄ մինիստրների խորհուրդը 1989թ. հունվարի 6-ին ընդունեց «ՀԱԷԿ-ի էներգաբլոկների կանգի և անդրկովկասյան հանրապետությունների էներգամատակարարումն ապահովող միջոցառումների մասին» №15 որոշումը, որով ՀԱԷԿ-ը կանգնեցվեց: Որոշման համաձայն` 1989թ. փետրվարի 25-ին կանգնեցվեց №1 էներգաբլոկը, 1989թ. մարտի 18-ին` №2 էներգաբլոկը:
Քաղաքական իրադարձությունների հետևանքով 90-ական թթ. սկզբին հանրապետությունում էներգաապահովման ծանր իրավիճակ ստեղծվեց: Հայաստանը սնող գազատար խողովակագծի մշտական պայթյունները, խստաշունչ ձմեռները հասցրեցին իրավիճակն աղետայինի:
№2 բլոկի շահագործումը վերսկսելու վերաբերյալ որոշումն ընդունելուց առաջ կառավարությունը հրավիրեց բազմաթիվ իրավասու կազմակերպություններ` խորհրդատվության և հանձնարարականներ տալու համար:
Մշակվեցին «ՀԱԷԿ-ի էներգաբլոկների աշխատանքը վերսկսելու հայեցակարգ» և «ՀԱԷԿ-ի №2 բլոկի անվտանգության բարձրացման միջոցառումների ցանկ» փաստաթղթերը, որոնք հաստատվեցին ՀՀ կառավարության կողմից: №2 էներգաբլոկի վերականգնման աշխատանքները կազմակերպելու համար պատրաստվեցին «ՀԱԷԿ-ի էներգաբլոկների շահագործումը վերսկսելու նախապատրաստման աշխատանքների հայեցակարգային պլան», «ՀԱԷԿ-ի հետազոտման ծրագիր» և այլ փաստաթղթեր:
Նորոգման և վերականգնման աշխատանքներին զուգահեռ համալրվում էր շահագործող անձնակազմը, վերանայվում էին շահագործման փաստաթղթերը, անց էին կացվում համակարգերի և սարքավորումների ֆունկցիոնալ փորձարկումներ:
1995թ. նոյեմբերին ավելի քան 6,5 տարվա դադարից հետո վերսկսվեց ՀԱԷԿ-ի №2 էներգաբլոկի շահագործումը:
Ներկայումս իրականացվում են մինչև 2026թ. շահագործման ժամկետի երկարացման և հիմնավորման աշխատանքներ:
Կարևոր իրադարձությունները կայանի պատմության մեջ
- Ռեակտորն առաջին անգամ բերվեց հզորության նվազագույն վերահսկվող մակարդակի (ՆՎՄ)
Բլոկ № 1 22.12.76թ. |
Բլոկ № 2 04.01.80թ. |
Վերագործարկումից հետո №2 բլոկի ռեակտորն առաջին անգամ բերվեց հզորության ՆՄՎ-ի
31.10.95թ.
- Առաջին միացումը ցանցին
Բլոկ № 1 28.12.76թ. |
Բլոկ № 2 05.01.80թ. |
Առաջին միացումը ցանցին №2 բլոկի վերագործարկումից հետո
05.11.95թ.
- Արդյունաբերական շահագործման սկիզբը
Բլոկ № 1 28.12.76թ. |
Բլոկ № 2 05.01.80թ. |
№ 2 բլոկը վերագործարկումից հետո
05.11.95թ.
2018թ-ի արտադրությունը կազմում է հանրապետությունում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության 36%-ից ավելին:
Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության մեջ ատոմային էներգետիկայի մասնաբաժինը ներկայացված է նկար 1.1-1-ում:
Նկար 1.1-1. ՀԱԷԿ-ի մասնաբաժինը Հայաստանի էներգետիկայում
Կայանի տեղադիրքը
ՀԱԷԿ-ի հրապարակը գտնվում է Արարատյան դաշտավայրի արևմտյան մասում` Արմավիր շրջկենտրոնից 10կմ դեպի հյուսիս-արևելք, Երևանից 28կմ դեպի առևմուտք, Թուրքիայի սահմանից 16կմ հեռավորության վրա:
Նկար 1.1-2: Հայկական ԱԷԿ-ի դիրքը
Նկար 1.1-3: Հայկական ԱԷԿ-ի դիրքը - տեսքը արբանյակից
************