ՏԿԵ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐԻ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑԸ ՀԱԷԿ

20.08.2021

ՏԿԵ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐԻ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑԸ ՀԱԷԿ

Ս/թ օգոստոսի 19-ին ճանաչողական այցով Հայկական ԱԷԿ-ում էր ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը՝ ՏԿԵՆ տեղակալի պաշտոնակատար Հակոբ Վարդանյանի, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, ՏԿԵ նախարարության և Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչների ուղեկցությամբ:Հյուրերը ՀԱԷԿ-ի ղեկավարության ուղեկցությամբ նախ շրջայց կատարեցին կայանի տարածքում. եղան Տուրբինային արտադրամասում,  տեղում ծանոթացան թիվ 2 էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարացման շրջանակներում իրականացված աշխատանքներին, ՊՆՎ-2021-ի ընթացքում հիմնանորոգվող և արդիականացվող համակարգերին ու սարքավորումներին, իսկ  բլոկի կառավարման վահանակում ծանոթացան ատոմակայանի կառավարման և անվտանգության ապահովման համակարգերին:Շրջայցից հետո կայացած խորհրդակցության ընթացքում Գնել Սանոսյանը նախ ողջունեց ՀԱԷԿ-ի ղեկավար անձնակազմին և իր երախտագիտությունը հայտնեց՝ մեր երկրի համար կարևոր այս ժամանակաշրջանում ՀԱԷԿ-ի աշխատակիցների նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար, ինչի արդյունքում շարունակում է անխափան գործել ռազմավարական նշանակության այս ձեռնարկությունը:Հանդիպման ավարտին նախարարը հավաստիացրեց, որ իր այցելությունները կլինեն շարունակական և ուղղված կլինեն ատոմակայանի անվտանգ և արդյունավետ շահագործման հարցերի քննարկմանը։