ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ  ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՀԱԷԿ

25.05.2023

ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՀԱԷԿ

2023 թվականի մայիսի 24-ին կայացել է Սլովակիայի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության պետքարտուղար Պետեր Գերհարտի գլխավորած պատվիրակության ճանաչողական այցը Հայկական ԱԷԿ: Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ-ում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հաչեկը:

Հայաստանի ու Սլովակիայի միջև դիվանագիտական և առևտրատնտեսական սերտ համագործակցությունն արդեն 30 տարվա պատմություն ունի, և այցի նպատակն էր  քննարկել այդ համագործակցության սահմաններն ընդլայնելու հնարավորությունները՝ հատկապես էներգետիկ ոլորտում:

Հանդիպման ընթացքում պատվիրակության ներկայացուցիչները ներկայացրին պրեզենտացիաներ Սլովակիայի ոլորտային խոշոր կազմակերպությունների գործունեության, արտադրանքի, տրամադրվող ծառայությունների և աշխատանքների վերաբերյալ: Դրանցից VUEZ, a.s., JAVYS a.s. և VUJE a.s. ընկերությունների հետ ՀԱԷԿ-ն արդեն որոշակի նախագծեր իրականացնում է, ինչպես օրինակ՝ ՀԱԷԿ-ի հերմետիկ գոտու հերմետիկության բարձրացման, ճառագայթաակտիվ թափոնների կառավարման նախագծերը:

Բացի այդ, Հայկական ԱԷԿ-ը սերտ ու երկարամյա փոխգործակցության մեջ է նաև Սլովակիայի 2 խոշոր ատոմակայանների՝ «Բոհունիցե» և «Մոհովցե» ԱԷԿ-ների հետ:

Հանդիպման ավարտին կողմերը համոզմունք հայտնեցին, որ արդեն ստեղծված սերտ համագործակցության ընդլայնումը կնպաստի երկկողմանի տնտեսական փոխգործակցության զարգացմանը ոչ միայն էներգետիկ ոլորտում: