ՇԿՀԱ ՄԿ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՀԱԷԿ

29.04.2022

ՇԿՀԱ ՄԿ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՀԱԷԿ

Ս/թ ապրիլի 25-ից 29-ը նախնական այցով Հայկական ԱԷԿ-ում էին ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի փորձագետները: Այցի նպատակը 2022թ. օգոստոսի 25-ից սեպտեմբերի 9-ը նախատեսվող գործընկերային ստուգման կազմակերպչական հարցերի քննարկումն ու համաձայնեցումն էր:

Ատոմային էլեկտրակայանի ղեկավար անձնակազմի հետ հանդիպմանը փորձագետներն ընդհանուր տեղեկատվություն ներկայացրին ՇԿՀԱ գործընկերային ստուգումների, մասնավորապես՝ դրանց անցկացման մեթոդաբանության փոփոխությունների վերաբերյալ:

Նախնական այցի ծրագրի շրջանակներում փորձագետները տեխնիկական շրջայց կատարեցին կայանում, իրականացրին վերանորոգման աշխատանքների դիտարկումներ, ուսումնասիրեցին օպերատիվ անձնակազմի պարապմունքների գրաֆիկները, ինչպես նաև Հայկական ԱԷԿ-ի վարժասարքի հնարավորությունները՝ ԲԿՎ անձնակազմի աշխատանքների դիտարկումներ անցկացնելու նպատակով:

Եզրափակիչ խորհրդակցության ընթացքում ՇԿՀԱ ներկայացուցիչները կիսվեցին իրենց դրական տպավորություններով՝ կայանում իրականացված մեծածավալ արդիականացման աշխատանքների վերաբերյալ, ընդգծեցին փոխգործակցության և ՇԿՀԱ միջոցառումներին կայանի անձնակազմի մասնակցության կարևորությունը, որոնք կնպաստեն բաց գործընկերային համագործակցության ամրապնդմանը:

Հանդիպման ավարտին ստորագրվեց արձանագրություն՝ այցի շրջանակներում կատարված աշխատանքների և նախատեսվող գործընկերային ստուգման կազմակերպչական միջոցառումների վերաբերյալ: