Պլանային նախազգուշական վերանորոգման շրջանակներում աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայկական ԱԷԿ կժամանեն արտասահմանյան մասնագետներ

07.07.2020

Պլանային նախազգուշական վերանորոգման շրջանակներում աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայկական ԱԷԿ կժամանեն արտասահմանյան մասնագետներ

Շարունակվող կարանտինի պայմաններում էներգետիկ ձեռնարկությունները չեն կարող դադարեցնել իրենց աշխատանքը: Հայկական ԱԷԿ-ում սկսվել է ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգումը (ՊՆՎ-2020), որը չի կարող իրականացվել առանց օտարերկրյա կապալառու կազմակերպությունների մասնագետների մասնակցության:  Ելնելով ոլորտի առանձնահատկությունից` աշխատակիցները չեն կարող այդ աշխատանքներն իրականացնել հեռավար եղանակով, նրանք պետք է ներկա գտնվեն կայանում:

2020թ. ՊՆՎ համար Հայկական ԱԷԿ կժամանեն մասնագետներ Ռուսաստանից, Չեխիայից, Ուկրաինայից, Խորվաթիայից և Սլովակիայից: Արդեն Հայկական ԱԷԿ են այցելել նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ներկայացուցիչները:

ԱԷԿ-ի աշխատակիցների և արտասահմանյան մասնագետների առողջության ապահովման համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները: Կայանում խստորեն իրականացվում են սանիտարահակահամաճարակային միջոցառումներ` վիրուսի տարածումը կանխելու նպատակով: ՀԱԷԿ-ի և կապալառու կազմակերպությունների բոլոր աշխատակիցներն ապահովված են անհատական պաշտպանության անհրաժեշտ միջոցներով` բժշկական դիմակներով, ձեռնոցներով, ախտահանիչ միջոցներով:

«Այս տարի կայան կժամանի 120 մասնագետ, նրանց գործուղման աշխատանքներն սկսվել էին նախօրոք: Մենք ստացել ենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և անձնակազմի ցուցակը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության թույլտվությունը` մասնագետների երկիր ժամանելու և Հայկական ԱԷԿ մուտք գործելու վերաբերյալ: Բոլոր մասնագետներն ունեն առողջական վիճակի մասին տեղեկանք: Հայաստան ժամանելուն պես կիրականացվի նաև թեստավորում», - նշեց Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը:  

Արտասահմանյան մասնագետների այցի և կարանտինի ժամանակահատվածի համար սահմանվել է աշխատանքի և հանգստի հատուկ ռեժիմ, որը ներառում է աշխատակիցների առողջության մշտական վերահսկում: Այսպիսով, մասնագետների համար կանցկացվեն ամենօրյա ջերմաչափում և բուժզննում, տրամադրվել է առանձին տրանսպորտ և ճաշարանում սնվելու հնարավորություն` համաձայն գրաֆիկի:

«Մեզ համար նույնպես շատ կարևոր է ապահովել աշխատանքների որակյալ իրականացումը պլանային նախազգուշական վերանորոգման շրջանակներում և մեր աշխատակիցների ու ԱԷԿ-ի աշխատակիցների առողջության ապահովումը: Հայաստան ժամանելուց հետո բժշկական թեստավորման ժամանակահատվածում աշխատակիցների համար կկազմակերպվի մեկուսացում: Դա թույլ կտա ապահովել սանիտարական անվտանգությունը և կարանտինի պահանջների կատարումը», - ասաց Յուրի Սվիրիդենկոն` Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման նախագծի ռուսական կողմի ղեկավարը:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Հայկական ԱԷԿ-ը կանգնել է հերթական պլանային նախազգուշական վերանորոգման: Կայանի երկրորդ էներգաբլոկում իրականացվող աշխատանքները կտևեն 65 օր: Հայկական ԱԷԿ-ը միակն է տարածաշրջանում և ապահովում է երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը: