ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈւՄ ՀԱԷԿ-ՈւՄ

16.11.2021

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈւՄ ՀԱԷԿ-ՈւՄ

Ս/թ նոյեմբերի 16-ին Հայկական ԱԷԿ-ում կայացավ պաշտոնական հանդիպում՝ նվիրված 2016 թվականից ՀԱԷԿ-ում ընթացող թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ավարտական փուլի արդյունքների ամփոփմանը։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիռկինը, "Ռոսատոմ" պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովը, նրանց ղեկավարած պատվիրակությունը և տարբեր ԶԼՄ ներկայացուցիչներ: Որպես ռուսական կողմից ՇԺԵ ծրագրի իրականացման լիազորված կազմակերպություն՝ АО "Русатом Сервис"-ը կազմակերպել էր մի շարք աշխատանքային և հանդիսավոր միջոցառումներ։ 

Բարձրաստիճան հյուրերը նախ շրջայց կատարեցին ատոմակայանի տարածքում․ Տուրբինային արտադրամասի մեքենասրահում ծանոթացան էլեկտրաէներգիայի արտադրության տեխնոլոգիական շղթայում ներառված հիմնանորոգված ու արդիականացված հիմնական և օժանդակ համակարգերին ու սարքավորումներին։ Այնուհետև տեղում ծանոթացան բլոկի կառավարման վահանակի, տեղեկատվական-հաշվողական, ինչպես նաև կայանի անվտանգ շահագործման համար պատասխանատու այլ համակարգերի արդիականացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։ Կատարված աշխատանքների վերաբերյալ շրջայցի ընթացքում ամփոփ տեղեկատվություն ներկայացրին «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանը և АО "Русатом Сервис" ընկերության տնօրեն Եվգենի Սալկովը:

Այցի շրջանակում, ի նշան արդյունավետ համագործակցության, ՀԱԷԿ-ի տարածքում հիմնվեց խորհրդանշական ծառուղի, որտեղ բարձրաստիճան ղեկավար անձինք անվանական ծառեր տնկեցին՝ կարևորելով «կանաչ էներգետիկա» բնապահպանական նախագծի իրականացումը:

Հաջորդիվ կայացած պարգևատրման արարողության ընթացքում էներգետիկ ոլորտում, ինչպես նաև ՀԱԷԿ-ի անվտանգ և հուսալի շահագործման գործում ունեցած զգալի ներդրման համար պարգևատրվեցին թե՛ բարձրաստիճան պաշտոնյաներ, թե՛ ՀԱԷԿ-ի և կապալառու ռուսական ընկերությունների մի շարք մասնագետներ:

Պաշտոնական արարողության ավարտին կայացավ կարճատև ասուլիս, որի ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարար Գ. Սանոսյանը և «Ռոսատոմ» ՊԿ գլխավոր տնօրեն Ա. Լիխաչյովը պատասխանեցին ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին:

Հաշվի առնելով երկարատև համագործակցության դրական փորձը և ատոմակայանի արդիականացված համակարգերի տեխնիկական վիճակը՝ կողմերը համոզմունք հայտնեցին, որ առկա են բոլոր նախադրյալները՝ ոչ միայն ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման, այլև այդ ընթացքում նոր էներգաբլոկի կառուցման և շահագործման համար։