15.07.2022
ԿՐԿՆԱԿԻ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄ ՀԱԷԿ-ՈւՄ
Ս/թ հուլիսի 11-ից 15-ն անցկացվեց ՀԱԷԿ-ի կրկնակի կորպորատիվ գործընկերային ստուգում (ԿԿԳՍ), որի թիմում ներառված էին ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի 3 փորձագետ՝ ՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Վիբորնովի գլխավորությամբ:
Անցկացված ուսումնասիրություններն ու հարցազրույցներն ուղղված էին նախորդ ստուգման ընթացքում հայտնաբերված թերությունների շտկման ուղղությամբ «ՀԱԷԿ» ՓԲԸ գրանցած առաջընթացի գնահատմանը: Որպես ստանդարտ, որի հետ համեմատվել է ընկերության արտադրական գործունեությունը, կիրառվել է «Արտադրական խնդիրները և դրանց լուծման չափորոշիչները» ղեկավարող փաստաթուղթը (ПЗКВ 2019-1):
Ամփոփիչ հանդիպմանը ներկայացվեցին ԿԿԳՍ նախնական արդյունքները: Փորձագետները կայանի ղեկավարությանը տեղեկություն տրամադրեցին՝ կատարելագործման ենթակա ուղղությունների ընթացիկ վիճակի գնահատականների վերաբերյալ:
Ս. Վիբորնովն ընդգծեց Հայկական ԱԷԿ-ի անձնակազմի արհեստավարժությունը և իր երախտագիտությունը հայտնեց թիմի արդյունավետ աշխատանքի անհրաժեշտ պայմանների ստեղծման համար: Նա գնահատեց վերջին 3 տարիների ընթացքում ընկերության գրանցած առաջընթացը և համոզմունք հայտնեց, որ «ՀԱԷԿ» ՓԲԸ-ն ՇԿՀԱ-ի հետ սերտ համագործակցությամբ կշարունակի իր գործունեության կատարելագործմանն ուղղված ջանքերը:
«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանն ընդգծեց, որ 2019-ին անցկացված կորպորատիվ գործընկերային ստուգումից հետո ներդրվել են բոլոր հնարավորությունները՝ ընկերության աշխատանքը կատարելագործելու ուղղությամբ: Նա իր երախտագիտությունը հայտնեց թե՛ փորձագետներին, թե՛ իր գործընկերներին հագեցած աշխատանքի համար: Ինչպես նշեց գլխավոր տնօրենը, ՀԱԷԿ-ը որդեգրել է մշտապես կատարելագործվելու և առաջընթացի կարևորագույն սկզբունքը և խստագույնս հետևում է այդ սկզբունքի կիրառմանն իր գործունեության բոլոր ոլորտներում: