ՀՈՒՇԱԳԻՐ՝ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ

07.06.2022

ՀՈՒՇԱԳԻՐ՝ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ

Հայկական ԱԷԿ-ի ֆիզպաշտպանության համակարգի ամրապնդումն ու մշտական կատարելագործումը եղել և մնում են առաջնահերթություն կայանի ղեկավարության համար: Այդ նպատակին էր ուղղված այսօր՝ հունիսի 7-ին, կայացած աշխատանքային հանդիպումը. Հայկական ԱԷԿ էին այցելել չեխական Bria Systems s.r.o. ընկերության ներկայացուցիչները՝ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրժիխ Կոպեցկու գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանն ընդգծեց, որ հայ-չեխական համագործակցությունը, որ կայուն հիմքերի վրա է, տարեցտարի ավելի է ամրապնդվում: Ի դեմս չեխական մի շարք ընկերությունների, որոնք կոնկրետ ուղղություններով մատակարարումներ և ոլորտային այլ ծառայություններ են իրականացնում, ՀԱԷԿ-ն ունի հուսալի գործընկերներ:
ՀԱԷԿ-ի ղեկավարությունը հետաքրքրված է Bria Systems ընկերության առաջարկած accur8vision ֆիզպաշտպանության համակարգով, որը ժամանակակից LIDAR տեխնոլոգիայի օգտագործմամբ հնարավոր արտաքին վտանգների տարածական հայտնաբերման հնարավորություն է տալիս: Համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում այն կներդրվի կայանում՝ առավել բարձր մակարդակի հասցնելով ֆիզիկական պաշտպանության համակարգը:
Դեսպան Բ. Կոպեցկին իր երախտագիտությունը հայտնեց բարձր գնահատականի և արդյունավետ համագործակցության համար և վստահեցրեց, որ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպանությունն իր լիազորությունների սահմանում հնարավորինս կաջակցի փոխգործակցության ամրապնդմանը:
Հանդիպման ավարտին ստորագրվեց հայ-չեխական Հուշագիր:  
Հուշագրի ստորագրումը կնպաստի ոչ միայն ՀԱԷԿ-ի ֆիզիկական պաշտպանության համակարգի կատարելագործմանը, այլ նաև հայ-չեխական գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը: