ՀՀ ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՀԱԿՈԲ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՅՑԸ ՀԱԷԿ

19.03.2024

ՀՀ ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՀԱԿՈԲ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՅՑԸ ՀԱԷԿ

2024 թվականի մարտի 18-ին աշխատանքային այցով Հայկական ԱԷԿ-ում էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: Հանդիպման նպատակն էր տեղում ծանոթանալ ընթացիկ, ինչպես նաև նախատեսվող պլանային վերանորոգման աշխատանքներին և գործող նախագծերին:

Հանդիպման սկզբում ՀԱԷԿ-ի ղեկավար անձնակազմի հետ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են կայանի համար արդիական մի շարք հիմնախնդիրներ, տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ հատկապես նախատեսվող պլանային անելիքների վերաբերյալ:

Խորհրդակցությունից հետո Հ. Վարդանյանը կայանի ղեկավարության ուղեկցությամբ նախ այցելել է թիվ 1 և թիվ 3 հովացման աշտարակներ՝ տեղում ծանոթանալու կատարված և ընթացիկ արդիականացման աշխատանքներին: Էլեկտրաէներգիայի արտադրության արդյունավետության բարձրացման նպատակով շահագործվում է հիմնանորոգված թիվ 1 հովացման աշտարակը, իսկ ներկայումս ընթանում են թիվ 3 հովացման աշտարակի հիմնանորոգման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսվում է ընթացիկ տարվա մայիսին:

Այնուհետև, Հ. Վարդանյանը եղել է ԲԲՍ-110/220կՎ (բաց բաշխիչ սարքեր) կառուցման շինհրապարակում: Կապալառու կազմակերպության կողմից արդեն իրականացվել է սարքավորումների որոշ խմբաքանակների մատակարարումը, և աշխատանքներն ընթանում են՝ ըստ նախատեսված ժամանակացույցի: Հիշեցնենք, որ նախագիծն իրականացվում է  ՀՀ կառավարության կողմից հատկացված ֆինանսական միջոցներով՝ Հայկական ատոմակայանի աշխատանքի հուսալիության բարձրացման և շահագործման լրացուցիչ ժամկետում թիվ 2 էներգաբլոկի անխափան աշխատանքի ապահովման նպատակով: Նոր ԲԲՍ-110/220կՎ նախատեսվում է շահագործման հանձնել 2025թ.:

Ամփոփելով այցի արդյունքները՝ Հ. Վարդանյանը մեկ անգամ ևս ընդգծել է նախատեսված աշխատանքներն ու նախագծերը ժամանակին և որակով իրականացնելու կարևորությունը: