ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար  Սուրեն Պապիկյանի այցը ՀԱԷԿ

26.09.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի այցը ՀԱԷԿ

Այսօր ՀՀ ՏԿԵ նախարարն այցելել է ՀԱԷԿ: Նա  ծանոթացել է պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ) շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքներին, ընթացիկ աշխատանքներին, արտադրատնտեսական գործունեությանը, ինչպես նաև երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին։ Փոխնախարար Հակոբ Վարդանյանի, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և ՀԱԷԿ-ի ղեկավար անձնակազմի ուղեկցությամբ նախարար Սուրեն Պապիկյանը շրջայց է կատարել կայանում, եղել տուրբինային արտադրամասում, տեղում ծանոթացել  վերանորոգման, արդիականացման աշխատանքների ընթացքին և առաջիկա անելիքներին:

Նախարարի գլխավորությամբ  ՀԱԷԿ-ում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն ղեկավար անձնակազմի և հիմնական ստորաբաժանումների ղեկավարների ու աշխատակիցների մասնակցությամբ՝ նվիրված ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին, նաև ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման և արդիականացման ծրագրով նախատեսված աշխատանքներին: «Առաջիկայում նախատեսվող արդիականացման միջոցառումներով և ձեռքբերումներով է պայմանավորված լինելու ոլորտի նկատմամբ երիտասարդության շրջանում հետաքրքրվածության մակարդակի բարձրացումը և նոր մասնագետների ներգրավումը»,- ասել է նախարարը: Այս առումով նախարարը բարձր է գնահատել մասնագիտական խորը գիտելիքներ, գործնական հմտություններ ու երկարամյա փորձառություն կուտակած աշխատակիցների ներդրումը Հայաստանի էներգահամակարգի կայունության և անվտանգության ապահովման գործում: Հնչել են  նաև կազմակերպչական հարցեր, որոնց առնչությամբ տրվել  են համապատասխան հանձնարարականներ:

Քննարկման ընթացքում նախարարը  տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես, հորդորել է լինել խիստ հետևողական, որպեսզի արդիականացման ու վերազինման աշխատանքներն իրականացվեն պատշաճ և սահմանված ժամանակացույցին համապատասխան:

Հիշեցնենք, որ պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքներից հետո ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի 3-րդ և 4-րդ տուրբոգեներատորները միացան ՀՀ էներգահամակարգին: Տուրբոգեներատորների գործարկումը կատարվել է տեխնիկական բոլոր պահանջներին համապատասխան:Այս պահին ՀԱԷԿ-ը ՀՀ Էներգահամակարգին մատակարարում է 385-390 ՄՎտ հզորության էներգիա: