ՀԾԿՀ. Հայկական ԱԷԿ-ում արդյունավետ աշխատանքի կազմակերպման արդյունքում հաջողվել է դրական արդյունքի հասնել ողջ էլեկտրաէներգետիկ համակարգում

26.12.2019

ՀԾԿՀ. Հայկական ԱԷԿ-ում արդյունավետ աշխատանքի կազմակերպման արդյունքում հաջողվել է դրական արդյունքի հասնել ողջ էլեկտրաէներգետիկ համակարգում

Հայկական ատոմային էլեկտրակայանում արդյունավետ աշխատանքի կազմակերպման արդյունքում հաջողվել է դրական արդյունքի հասնել երկրի էլեկտրաէներգետիկ համակարգում հաշվեկշռի ապահովման տեսանկյունից։ Այդ մասին դեկտեմբերի 25-ին ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Նրա խոսքով՝ 2019 թվականը բարդ տարի էր այն առումով, որ արդեն այս տարվա հունվարից կայանը պետք է սկսեր 270 մլն դոլարի վարկի հիմնական գումարի գծով վճարումները, որը ՌԴ կառավարությունը տրամադրել էր Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու համար: Սակայն կայանը ներքին ռեսուրսների և միջոցների խնայողության հաշվին կարողացել է պահպանել սակագինը նախկին մակարդակում։ ՀԾԿՀ ղեկավարը նկատել է որ ի սկզբանե ՀԱԷԿ-ի համար սակագնում, որը սահմանում է Հանձնաժողովը, դրվել են վարկային ռեսուրսների վերադարձման մեխանիզմներ: Խոսքը, մասնավորապես, շուրջ 21 մլն դոլարի մասին է, որը կկազմի 1 կվտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց 2 դրամի խնայողություն երկրի վերջնական սպառողների համար։ "Կառավարության, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի աշխատանքի արդյունքում հաջողվել է էլեկտրաէներգետիկական համակարգում կազմակերպել այնպիսի աշխատանքային ռեժիմ, որը հաշվեկշռի ապահովման տեսանկյունից իր դրական արդյունքները կտա 2020 թվականին", - արձանագրել է ՀԾԿՀ ղեկավարը:

Ավելի վաղ Արմինֆո-ն, վկայակոչելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանին, հաղորդել էր, որ ընդամենը երկարաձգման ծրագրի շրջանակներում օգտագործվել է շուրջ 200 մլն դոլար (գումարած հանած 2 մլն դոլար), որի 90%-ը վարկային միջոցներ են (170 մլն դոլար), իսկ 10%-ը՝ դրամաշնորհի (30 մլն դոլար): Հայկական կողմը ներկայումս բանակցություններ է վարում ռուս գործընկերների հետ վարկի մնացած գումարի շուրջ։

Ընդ որում, վճարումները կատարվելու են ոչ թե ամբողջ, այլ միայն յուրացված վարկի գումարի գծով, քանի որ նախագիծն ամբողջությամբ ավարտված չէ։ Արդեն 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանը պետք է սկսի վճարել ինչպես տոկոսադրույքների, այնպես էլ վարկի հիմնական գումարի գծով։ Բլոկի ամբողջական արդիականացումը կհանգեցնի դրա արդյունավետության ավելի քան 10 տոկոս աճի, ինչը հնարավորություն կտա վարկն առանց որեւէ խնդրի սպասարկել:

 

 

Սկզբնաղբյուրը՝ www  arminfo.info/