ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՇԿՀԱ ՄԿ-Ի ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԼԻԴԵՐՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՐՈՒՄԻՆ

03.02.2020

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՇԿՀԱ ՄԿ-Ի ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԼԻԴԵՐՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՐՈՒՄԻՆ

2019թ. դեկտեմբերի 10-ից 11-ը Սմոլենսկի ԱԷԿ-ի (ՍԱԷԿ) արբանյակային քաղաք Դեսնոգորսկում անցկացվեց ՇԿՀԱ ՄԿ-ի Երիտասարդական շարժման (ԵրՇ) լիդերների առաջին ֆորումը, որին մասնակցեցին ՇԿՀԱ Մոսկովյան տարածաշրջանային կենտրոնի (ՇԿՀԱ ՄԿ) յոթ անդամ երկրների` ԱԷԿ-ների երիտասարդական շարժման ներկայացուցիչներ: Հայկական ԱԷԿ-ը ներկայացնում էին գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Է.Վ. Ճաղարյանը և Որակի ապահովման բաժնի առաջատար ճարտարագետ Ա.Ա. Սարգսյանը: 

Ֆորումի մասնակիցներին ողջունեցին ՍԱԷԿ-ի տնօրեն Պ.Ա. Լուբենսկին, ՍԱԷԿ-ի գլխավոր տեսուչ Ռ.Ս. Գալիևը, ինչպես նաև ՇԿՀԱ ՄԿ տնօրենի առաջին տեղակալ Անատոլի Կիրիչենկոն: Ֆորումի ծրագիրը ներառում էր զեկույցներ, քննարկումներ, տեխնիկական տուր Սմոլենսկի ԱԷԿ, պատմա-գավառագիտական թանգարանի այցելություն, վիկտորինա և մրցույթ` ատոմային էներգետիկայի պատմության և ՇԿՀԱ  պատմության իմացությունն ստուգելու նպատակով:

Հայկական ԱԷԿ-ի ԵրՇ ներկայացուցիչները պատմեցին ՇԿՀԱ գործունեության շրջանակներում անցկացված միջոցառումների և պլանների մասին և ոչ միայն: Մյուս մասնակիցների զեկույցները լսելուց հետո Հայկական ԱԷԿ-ի ներկայացուցիչներն իրենց համար նշեցին այլ կայանների ԵրՇ գործունեության կարևոր (և ներդրման տեսանկյունից հնարավոր)  դրական պրակտիկան, ինչից հետո նախանշվեցին մի շարք միջոցառումներ, որոնց վրա պետք է կենտրոնանալ 2020թ-ին:

Սմոլենսկի ԱԷԿ-ում կատարված շրջայցի ժամանակ ֆորումի մասնակիցները ծանոթացան հիմնական սարքավորումներին և ՌԲՄԿ-1000 տիպի ռեակտորի աշխատանքի սկզբունքներին: Այն թիմը, որի կազմում ընդգրկված էին Հայկական ԱԷԿ-ի ԵրՇ ներկայացուցիչները, հաղթեց ատոմային էներգետիկայի պատմության և ՇԿՀԱ պատմության իմացության մրցույթում:

Պաշտոնական փակման ընթացքում Հայկական ԱԷԿ-ի երիտասարդական շարժման գործունեությունը (մասնակցություն ՇԿՀԱ առաքելություններին, շտկող միջոցառումների մշակում, մասնակցություն միջազգային սեմինարներին և այլն) բարձր գնահատականի արժանացավ ինչպես ՇԿՀԱ ՄԿ-ի ղեկավարության, այնպես էլ Սմոլենսկի ԱԷԿ-ի ղեկավար անձնակազմի և վետերանների կողմից:

Ընդհանուր առմամբ, կարելի է վստահությամբ ասել, որ ՇԿՀԱ ՄԿ-ի Երիտասարդական շարժումը ձեռք է բերել նոր իմաստ և նոր ձևաչափ: Անցկացված ֆորումը բազմաթիվ դրական հույզեր արթնացրեց մասնակիցների մոտ և ևս մեկ անգամ ընդգծեց ՇԿՀԱ ՄԿ-ի Երիտասարդական շարժման հիմնական խնդիրները. տեխնիկական կոմպետենտության և ՇԿՀԱ մասին գիտելիքների զարգացումը և ՇԿՀԱ փորձագետների նոր սերնդի պատրաստումը: