Հայաստանյան ուսանողներն ու աշակերտները ծանոթացան ատոմային տեխնոլոգիաներին

30.10.2019

Հայաստանյան ուսանողներն ու աշակերտները ծանոթացան ատոմային տեխնոլոգիաներին

Հոկտեմբերի 25-ին` Ատոմային տեխնոլոգիաների օրը, Հայաստանի մի խումբ ուսանողներ ու աշակերտներ ծանոթացան ժամանակակից միջուկային տեխնոլոգիաների անվտանգության ու տարբեր ոլորտներում դրանց կիրառմանը (էներգետիկա, բժշկություն, արդյունաբերություն, գյուղատնտեսություն)։ Միջոցառման կազմակերպիչներն են «Ռոսատոմ» պետկորպորացիան ու Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը` Երևանում Ռուսաստանի գիտության ու մշակույթի կենտրոնի աջակցությամբ։

         Միջոցառմանը մասնակցեցին նախարարությունների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ, ԲՈՒՀ-երի և հետազոտական ինստիտուտների աշխատակիցներ, Հայաստանի երիտասարդական կամզակերպությունների ներկայացուցիչներ, «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր ճարտարագետը, ինչպես նաև հայկական ԱԷԿ-ի աշխատակիցների երեխաները։       

Միջոցառման ընթացքում հատուկ նշվեց, որ երկրում ԱԷԿ-ի առկայությունը նպաստում է գիտության և նորարարության զարգացմանը, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Հայաստանին անհրաժեշտ են բարձրորակ մասնագետներ։

ՀԱԷԿ-ի գլխավոր ճարտարագետ Ա. Գրիգորյանը նշել է. «Այսօր կրթական ոլորտը պետք է հիմնվի միջազգային փորձի և ուսուցման գործընթացում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման վրա, քանի որ ԲՈՒՀ-ի շրջանավարտի գիտելիքներն ու հմտությունները պետք է համապատասխանեն ոլորտի արդի պահանջարկին ու գործատուի պահանջներին։ Ապագա մասնագետների համար կարևոր է շփվել ոլորտի փորձագետների և մասնագետների հետ։ Ես այսօր ուրախ եմ փոխանցել իմ գիտելիքներն ու փորձն ապագա մասնագետներին։ Մեր հիմնական խնդիրն է, ապահովել սերունդների հաջորդականությունն ու դաստիարակել նոր մասնագետներ, որոնք հետագայում կմասնակցեն Հայաստանի զարգացմանը»:

 Ըստ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարարության էներգետիկայի վարչության ատոմային էներգետիկայի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Նունուֆար Ալեքյանի` նման միջոցառումների անցկացումը, ինչպիսին է Ատոմային տեխնոլոգիաների օրը, բարձրացնում է երիտասարդների հետաքրքրությունը դեպի տեխնիկական մասնագիտությունները, հնարավորություն է տալիս տեղեկանալ շուկայում պահանջված մասնագիտացումների և մասնագիտական աճի իրական հեռանկարներին: