ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՏՈՄԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

19.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՏՈՄԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ ՊԱՆԵԼԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Ք. Երևանում կայացած «Հայաստանի ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկմանը մասնակցում էին “Հայատոմ” ԳՀԻ ՓԲԸ, “Ռոսատոմ” Պետկորպորոցիայի, ՀՀ ՏԿԵ նախարարության, Հայկական ատոմային էլեկտրակայանի և էներգետիկ բնագավառի մի շարք այլ գերատեսչությունների, Երևանի և Գյումրու Գիտության և մշակույթի կենտրոնների ներկայացուցիչներ:

Միջոցառումը, որն անցկացվում է արդեն երրորդ անգամ, նվիրված էր Հայաստանի ատոմային ոլորտի 55-ամյակին: Հանդիպման նպատակը Հայաստանում մինչև 2040թ. Էներգետիկայի զարգացման ռազմավարության ծրագրի շրջանակներում ատոմային էներգետիկայի դերի շուրջ փորձագիտական քննարկման անցկացումն էր:

Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի արդիականացման ուղղությամբ 2020թ. կատարված և ընթացիկ աշխատանքներին, ՊՆՎ-2021 ընթացքում 141-օրյա կանգին և այդ ընթացքում ռեակտորի իրանի մետաղի թրծաթողման աշխատանքներին իր խոսքում անդրադարձավ ՀԱԷԿ-ի գլխավոր ճարտարագետ Ա. Գրիգորյանը:

«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-Հայկական ԱԷԿ-ի տնօրեն Մ. Վարդանյանը ներկայացրեց կայանի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնք հիմնված են լինելու ռուսական նմանատիպ կայանների շահագործման ժամկետի երկարացման փորձի վրա: ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը էներգետիկ անվտանգության և սոցիալ-տնտեսական կայունության երաշխիք կհանդիսանա:

Հայաստանի ատոմային ոլորտի 55-ամյակին նվիրված միջոցառումները և ոլորտի պատասխանատուների միջև հանդիպումները շարունակական բնույթ կկրեն: