ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱԽԱՂ՝ Ի ՆՇԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ

30.08.2021

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱԽԱՂ՝ Ի ՆՇԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ

Այս տարի АО "Русатом Сервис" ընկերությունը տոնում է հիմնադրման 10-րդ տարելիցը: Ատոմային ոլորտում Հայաստանի Հանրապետությանն ու Ռուսաստանի Դաշնությանը միավորում է առանցքային մի նախագիծ՝ ուղղված ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի արդիականացմանը: Նախագծի իրականացման համատեղ արդյունավետ աշխատանքների արդյունքում ձևավորվեց սերտ բարեկամություն АО "Русатом Сервис"-ի և “ՀԱԷԿ” ՓԲԸ միջև: Ի նշան այդ բարեկամության՝ АО "Русатом Сервис"-ը որոշեց սպորտային երանգ հաղորդել հոբելյանական տարուն և կազմակերպեց ընկերական ֆուտբոլային մրցախաղ ընկերությունների աշխատակիցներից կազմված սիրողական թիմերի միջև:
Մրցախաղն անցկացվեց ս/թ օգոստոսի 28-ին ք. Երևանում՝ Ուրարտու մարզադաշտում: Խաղից առաջ ողջույնի խոսքով հանդես եկան “ՀԱԷԿ” ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և АО "Русатом Сервис"-ի գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը: Անչափ կարևորելով մեր ընկերությունների միջև ձևավորված ջերմ գործնական փոխհարաբերությունները՝ նրանք հույս հայտնեցին, որ այս ֆորմատով հանդիպումը նոր երանգ կհաղորդի մեր բարեկամությանը և կնպաստի փոխադարձ վստահության բարձրացմանն ու ամրապնդմանը:
Խաղն ավարտվեց 9:3 հաշվով՝ հօգուտ ՀԱԷԿ-ի թիմի, բայց, ինչպես ընդունված է ասել, հաղթեց բարեկամությունը: Խաղի ավարտին կարճատև բրիֆինգի ընթացքում ներկաները փոխանակվեցին կարծիքներով և տպավորություններով, ինչը շարունակվեց АО "Русатом Сервис" ընկերության կազմակերպած հյուրասիրության շրջանակներում ՝ ավելի ջերմ ու մտերմիկ մթնոլորտում:
Մրցախաղի անցկացումը խորհրդանշական էր ինչպես մեր ընկերությունների երկարամյա արդյունավետ համագործակցության և բարեկամության, այնպես էլ փոխադարձ վստահության և փոխըմբռնման  ամրապնդման առումով: