ԱԷՄԳ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ԱՅՑԸ ՀԱԷԿ

05.10.2022

ԱԷՄԳ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԻ ԱՅՑԸ ՀԱԷԿ

Ս/թ հոկտեմբերի 4-ին Հայկական ԱԷԿ էր այցելել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի գլխավորած պատվիրակությունը: ԱԷՄԳ-ի պատվիրակությանն ուղեկցում էին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը և ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներ:

Հյուրերը նախ շրջայց կատարեցին կայանի տարածքում, ծանոթացան ՀԱԷԿ-ում իրականացված արդիականացման աշխատանքներին, տեղում ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխաններն ու անհրաժեշտ տեղեկատվությունը:

Տեխնիկական շրջայցից հետո ՀԱԷԿ-ի ղեկավարության հետ կայացած խորհրդակցության ընթացքում հյուրերին նախ ողջունեց ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հ. Վարդանյանը: Նա կարևորեց այն փաստը, որ ստեղծված իրավիճակում Ռ. Գրոսսին պատրաստակամություն է ցուցաբերել այցելել Հայաստան և Հայկական ԱԷԿ: Փոխնախարարն ընդգծեց, որ ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի վերաթողարկման պահից սկսած՝ արդեն շուրջ 30 տարի ԱԷՄԳ-ն տեխնիկական աջակցություն է տրամադրում Հայկական ատոմակայանին, որի դերն անհամեմատ մեծ է մեր տնտեսության զարգացման գործում:

Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԷՄԳ տնօրեն Ռաֆայել Գրոսին: Նա մեծ գոհունակությամբ նշեց, որ իր նախորդ այցից ի վեր կայանում բազմակողմանի լայնամասշտաբ աշխատանքներ են իրականացվել, ինչն, անշուշտ, կերաշխավորի  կայանի հետագա անվտանգ և հուսալի շահագործումը: «Ես այսօր հնարավորություն ունեցա սեփական աչքերով տեսնելու այն հսկայածավալ աշխատանքը, որն իրականացվել է Մեծամորի ԱԷԿ-ում, և համոզվեցի, որ դուք իրապես արժանի եք այն աջակցությանը, որը տրամադրվում է ԱԷՄԳ-ի կողմից: Շարունակե՛ք աշխատել նույն ոգով, իսկ մենք մեր հերթին կանենք հնարավոր ամեն ինչ ձեզ աջակցելու համար»,-եզրափակեց իր խոսքը գործակալության ղեկավարը:

«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանն իր հերթին ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց երկարամյա սերտ և արդյունավետ փոխգործակցության համար: Է. Մարտիրոսյանը ներկայացրեց ընթացիկ և հեռանկարային ծրագրերը. այս պահին նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինչպես թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման, այնպես էլ նոր էներգաբլոկի կառուցման նախագծերի ուղղությամբ: «Մենք ունենք մեծ ռեսուրս և մեծ ցանկություն»,- նշեց «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենը,- և հույս ունենք, որ դա մեզ կօգնի հաջողության հասնել»: Նա նաև ընդգծեց ատոմային կայանի շահագործման աշխատանքներում երիտասարդ սերնդի ներգրավման կարևորությունը, ինչը մշտապես եղել և մնում է ՀԱԷԿ-ի ղեկավարության ուշադրության կենտրոնում:

Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ վստահություն հայտնեցին, որ ՀԱԷԿ-ԱԷՄԳ երկարամյա համագործակցությունն ունի ընդլայնվելու և մշտապես զարգանալու բոլոր նախադրյալները: