40 ՏԱՐԻ՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ի

25.06.2021

40 ՏԱՐԻ՝ Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ի

Հայաստանի Հանրապետության Ոստիկանության զորքերի թիվ 1043 զորամասը կազմավորվել է Հայկական ատոմային էլեկտրակայանի՝ որպես հատուկ նշանակության օբյեկտի պաշտպանության և պահպանության նպատակով: Արդեն 40 տարի զորամասը մեծ պատասխանատվությամբ և նվիրումով կատարում է իր առջև դրված խնդիրները և մեկ անգամ չէ, որ ցուցաբերել է իր անձնակազմի բարձր պատրաստվածությունն ու գիտելիքների անհրաժեշտ իմացությունը գործառութային պարտականությունների կատարման բարդ ու մշտական զգոնություն պահանջող գործում:

Ս/թ հունիսի 25-ին հանդիսավորությամբ նշվեց զորամասի կազմավորման 40-ամյա տարելիցը: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Հ. Բաբայանը, Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալները, «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ-ֆիզիկական պաշտպանության և ռեժիմի գծով տնօրեն Ա. Սարոյանը:

Բացման խոսքին և շնորհավորական ուղերձներին հաջորդեց պարգևատրման արարողությունը. ՀՀ ոստիկանապետ Վ. Ղազարյանի, ՀՀ Ոստիկանության զորքերի հրամանատար Հ. Բաբայանի, թիվ 1043 զորամասի հրամանատար Ա. Ուդումյանի և «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանի հրամանագրերով զորամասի մի շարք ծառայողների շնորհվեցին հուշամեդալներ և պատվոգրեր՝ գերազանց ծառայության համար:

Շնորհավորում ենք թիվ 1043 զորամասի ողջ անձնակազմին՝ ի դեմս հրամանատար Ա. Ուդումյանի, և մաղթում խաղաղ ու անվտանգ ծառայություն: