Սույն թվականի ապրիլի 8-ից 11-ը «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը՝ որպես Շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ՇԿՀԱ) Մոսկովյան կենտրոնի կառավարիչների խորհրդի նախագահ, մասնակցել է Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում կայացած Շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի Կառավարիչների խորհրդի (ԿԽ) և Ռազմավարության, կառավարման և նշանակումների կոմիտեի (ՌԿՆԿ) նիստերին:
Շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիան (ՇԿՀԱ) միավորում է աշխարհի բոլոր գործող ատոմային կայանները և ստեղծում է հարթակ՝ փորձի փոխանակման, գործընկերային գնահատումների, տեխնիկական աջակցության և շարունակական բարելավման համար։
Հայկական ատոմային էլեկտրակայանն ունի հարուստ փորձ՝ տարածաշրջանային ենթակառուցվածքային և աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում աշխատելու հարցում, ինչը նրան դարձնում է արժեքավոր գործընկեր ՇԿՀԱ-ում։ Այս մասնակցությունն իր հերթին հնարավորություն է տալիս հայկական փորձը համընթաց կիսել միջազգային մասնագետների հետ՝ նպաստելով ոչ միայն ընդհանուր ոլորտային զարգացմանը, այլև ռազմավարական և կառավարման մակարդակներում կայուն առաջընթացին։
Մասնակցել են նաև Շանհայի, Լոնդոնի, Տոկիոյի և Ատլանտյան կենտրոնների ղեկավարները և խորհրդի նախագահները:
Ներկայացվել են տարածաշրջանային կենտրոնների հաշվետվությունները, գործընկերային գնահատումների և տեխնիկական փոխանակումների արդյունքները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել անվտանգության մակարդակի բարձրացմանը, թվային տեխնոլոգիաների ներդրմանը և կայուն շահագործման ապահովմանը։
Նիստերը կայացել են կառուցողական և արդյունավետ մթնոլորտում՝ վերահաստատելով ԱԷԿ օպերատորների գլոբալ գործընկերության զարգացման ՇԿՀԱ-ի առաքելության՝ ատոմային էլեկտրակայանների շահագործման ոլորտում անվտանգության, հուսալիության և մասնագիտական գերազանցության բարձրագույն մակարդակի հասնելու ընդհանուր նպատակի կարևորությունը։